Ամարյան բարեգործական հիմնադրամի տնօրենը՝ CaseKey 2025 մրցույթի եզրափակչի ժյուրիի կազմում

December 1, 2025
Back to the News section

2025 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացավ CaseKey ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 100 տաղանդավոր ուսանողների, ովքեր մրցում էին՝ ցուցադրելով իրենց ռազմավարական մտածողությունն ու իրական բիզնես խնդիրների համար նորարարական լուծումներ գտնելու կարողությունը։

Հայաստանի մասնավոր և պետական առաջատար կառույցների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին գնահատեց եզրափակիչ անցած թիմերի կողմից մշակված լուծումները։ Ժյուրիի անդամների թվում էր նաև Ամարյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը։

Մրցույթի շրջանակում ունեցած իր ելույթում պարոն Խաչատուրյանը հատուկ անդրադարձ կատարեց ժամանակակից աշխարհում առաջնորդության կարևորագույն բաղադրիչներին։ Նա ընդգծեց մարտահրավերներին դիմակայելու ունակության կարևորությունը, խոսեց բիզնեսում ոչ թե պարզապես հաջողության հասնելու, այլ իրական արժեք ստեղծելու անհրաժեշտության մասին և հորդորեց ուսանողներին՝ որդեգրել շարունակական կրթության և զարգացման մոտեցում։

Ամարյան բարեգործական հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հանդիսանում է CaseKey Academy-ի գլխավոր հովանավորը։ Ակադեմիան ուսանողների համար ապահովել էր ինտենսիվ ուսումնական ծրագիր՝ միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ, ինչը հնարավորություն էր տվել մասնակիցներին կամրջել տեսական գիտելիքները գործնական բիզնես հմտությունների հետ։

Ամարյան բարեգործական հիմնադրամն այս և իր կողմից աջակցություն ստացած այլ կրթական նախագծերի միջոցով ձգտում է իր ներդրումն ունենալ հայ երիտասարդների կրթական հնարավորությունների ընդլայնման և Հայաստանում որակյալ բիզնես կրթության զարգացման գործում։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: