Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է Ֆիզմաթի օլիմպիական կրթության ծրագրին
Կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցելով օլիմպիական կրթությանը» ծրագրին։
Ծրագրի նպատակն է ապահովել Ֆիզմաթ դպրոցում գործող օլիմպիական խմբակների գործունեության շարունակականությունը՝ 7-12-րդ դասարանների աշակերտների համար անվճար տրամադրելով խորացված ուսուցում մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության ոլորտներում։ Թեև խմբակները գործում են Ֆիզմաթ դպրոցում, դրանց կարող են մասնակցել նաև Հայաստանի այլ դպրոցների աշակերտներ՝ ընդլայնելով բարձրորակ օլիմպիական կրթության հասանելիությունը տաղանդավոր երիտասարդների համար։
2026–2027 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի՝ հիմնվելով 2025–2026 ուսումնական տարվա հաջողված փորձի և գրանցված արդյունքների վրա։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում՝
- գործել են 14 օլիմպիական խմբակներ,
- անցկացվել են շաբաթական 29 պարապմունքներ,
- ծրագրում ընդգրկվել են 7–12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ։
Ծրագիրը ներառում է խորացված առարկայական ուսուցում, օլիմպիական խնդիրների համակարգված վերլուծություն, ազգային և միջազգային օլիմպիադաների նախապատրաստություն, ինչպես նաև անհատական մենթորություն բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար։
Ֆիզմաթում ձևավորված օլիմպիական կրթական էկոհամակարգը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հաջողություններում STEM ոլորտում։ Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի նվաճած 156 միջազգային օլիմպիական մեդալներից 115-ը բաժին է ընկել Ֆիզմաթ դպրոցի աշակերտներին։ 2025 թվականին նրանք նվաճել են Հայաստանի 17 միջազգային օլիմպիական մեդալներից 11-ը, իսկ 2026 թվականի Ժաուտիկովյան օլիմպիադայում՝ Հայաստանի թիմի նվաճած 21 մեդալներից 11-ը։
Այս համագործակցության միջոցով Ամարյան բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են որակյալ կրթության հասանելիության ընդլայնմանը և ակադեմիական գերազանցության զարգացմանը Հայաստանում։

