Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության հայերեն թարգմանությանը

July 8, 2025
Back to the News section

Կրթությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելուարվեստը» աշխատության հայերեն թարգմանությանը։

Ծրագիրն իրականացվում է Primavera հիմնադրամի կողմից՝ գերմանական Ries & Erler հրատարակչության հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Ամարյան բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի կողմից։

Ֆլեշի դասական այս մեթոդը համարվում է ջութակի ամենաազդեցիկ ուսումնական ձեռնարկներից մեկը։ Այն լայնորեն կիրառվում է աշխարհի երաժշտական կրթական հաստատություններում։ Թարգմանության շնորհիվ այն մեր մայրենիով հասանելի կդառնա հայ երաժիշտներին և ուսուցիչներին՝ հնարավորություն տալով լիարժեք ընդգրկել այս միջազգային մեթոդը ուսումնական գործընթացում։

Աշխատությունը ներառում է ջութակի ուսուցման բոլոր հիմնական բաղադրիչները՝ սկսած կեցվածքից ու ձայնարտադրությունից մինչև վիբրատո, աղեղի և մատների տեխնիկա, երաժշտական հիշողություն, ինչպես նաև կատարողական սխեմաներ և օրինակներ նշանավոր կոմպոզիտորների գործերից։ Մինչ օրս հայ երաժիշտների համար հասանելի է եղել միայն խորհրդային շրջանի ռուսերեն հրատարակությունը, իսկ այս նոր թարգմանությունը կդառնա աշխատության ամբողջական և արդի ներկայացումը հայերեն։

Թարգմանված տարբերակի առաջին տպաքանակը կազմում է 500 օրինակ։ Ծրագրի հետագա մանրամասները կհրապարակվեն Primavera հիմնադրամի պաշտոնական կայքում և սոցիալականհարթակներում։

Ամարյան բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել բարձրորակ կրթական նյութերի ստեղծմանը։ Նախորդ նման ծրագրերի օրինակներից են 2024 թվականի մայիսին Primavera Foundation Educational Academy-ի հետ համագործակցությամբ միջազգային մասնագետ Վալերիա Գալիմովայի երաժշտական հոգեֆիզիոլոգիային նվիրված կրթական տեսանյութերի շարքի ստեղծումը։ Տեսանյութերն անվճար հասանելի են հայերեն ենթագրերով YouTube-ում։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: