Գորիսում պաշտոնապես բացվեց «Ավագ սերնդի կենտրոն Սյունիքում»-ը
2025 թվականի հոկտեմբերի 16-ին Գորիսում տեղի ունեցավ «Ավագ սերնդի կենտրոն Սյունիքում»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ Ամարյան բարեգործական հիմնադրամի, Եվրոպական միության և Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ։ Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է 18 միլիոն ՀՀ դրամ, որն ուղղվել է կենտրոնի շենքի գնմանը, իսկ Եվրոպական միությունն ու Գերմանիայի դեսպանատունը հոգացել են կենտրոնի մասնակի վերանորոգման ծախսերը։
Կենտրոնն ապահովում է Արցախից տեղահանված և ընտանիք չունեցող տարեցների բարեկեցությունը՝ տրամադրելով բնակության համար անհրաժեշտ պայմաններ, սնունդ, առողջապահական և սոցիալական ծառայություններ։ Այն ներառում է 24 սենյակ, սոցիալական ճաշարան և ցերեկային կենտրոն, որտեղ տարեցները հնարավորություն ունեն մասնակցելու մշակութային և ժամանցային միջոցառումների:
Բացման արարողությանը մասնակցեցին Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ պետությունների դեսպաններ, ինչպես նաև միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ, ովքեր կատարեցին կենտրոնի շրջայց՝ ծանոթանալով վերջինիս պայմաններին ու գործունեությանը։
«Ավագ սերնդի կենտրոն Սյունիքում»-ը կդառնա կարևոր հենակետ՝ Գորիս համայնքում միայնակ տարեցների սոցիալական ապահովության և հոգեբանական աջակցության համար։ Այն ոչ միայն կտրամադրի խնամք և կենցաղային պայմաններ, այլև հնարավորություն կտա շահառուներին ստեղծել նոր ընկերական կապեր և հաղթահարել մեկուսացման զգացումը։