«Ամարյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ուսումնական աշխատությունն արդեն հասանելի է հայերենով
«Ամարյան» բարեգործական հիմնադրամը, Apricot Capital-ի (հիմնադիր՝ Վարդան Ամարյան) և Balchug Capital-ի (հիմնադիր՝ Դավիթ Ամարյան) հետ համատեղ աջակցել է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնած կրթամշակութային խոշոր նախագծի իրականացմանը:
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ:
Աշխատությունը անվճար նվիրաբերվելու է Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին: Գրքերի բաշխման լոգիստիկ աշխատանքներն իրականացնում է «Պրիմավերա» հիմնադրամը, որի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ նախագծի մանրամասներին:
Նախագիծը մեկնարկեց 2025 թվականի դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած տոնական համերգով: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ելույթ ունեցան մենակատարներ Մաքսիմիլիան Սիմոնը (Գերմանիա) և Արամ Բադալյանը (Հայաստան/Գերմանիա):
Աշխատության առաջին օրինակներն արդեն իսկ նվիրաբերվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Գյումրու կոնսերվատորիային և Գյումրու երաժշտական քոլեջին: Գրքի նվիրաբերությունները Հայաստանի այլ երաժշտական դպրոցներին ու քոլեջներին կշարունակվեն 2026 թվականի առաջին կիսամյակում:
Հիմնադրամի և գործընկերների ֆինանսավորմամբ Հայաստան է հրավիրվել նաև աշխատությաննոր հրատարակության խմբագիր, գերմանացի անվանի ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնը, ով անվճար վարպետության դասեր կանցկացնի հայ պատանի ջութակահարների համար:
Այս համալիր ծրագրի միջոցով «Ամարյան» բարեգործական հիմնադրամը ձգտում է իր նպաստը բերել Հայաստանում դասական երաժշտական կրթության որակի բարձրացմանը և տաղանդավոր երիտասարդների մասնագիտական աճին:

